14 նոյեմբերի, ուրբաթ
Ձեր զարդարանքը թող [չ]լինի.... արտաքուստ (1 Պետ. 3։3)։
Խոհեմությունը օգնում է մեզ հարգել ուրիշների տեսակետը։ Օրինակ՝ մեր քույրերից ոմանք նախընտրում են շպարվել, իսկ մյուսները՝ ոչ։ Որոշ քրիստոնյաներ սիրում են չափի մեջ ալկոհոլ օգտագործել, իսկ մյուսները որոշել են հեռու մնալ դրանից։ Բոլորս էլ ուզում ենք առողջ լինել, բայց մեր առողջության պահպանման համար տարբեր բուժմեթոդներ ենք ընտրում։ Եթե մտածենք, որ մեր տեսակետը միշտ ճիշտ է, և փորձենք այն պարտադրել մեր հավատակիցներին, գուցե գայթակղության և բաժանումների պատճառ դառնանք (1 Կորնթ. 8։9; 10։23, 24)։ Օրինակ՝ հագուկապի հետ կապված խիստ կանոններ սահմանելու փոխարեն Եհովան մեզ սկզբունքներ է տվել։ Մենք պետք է Աստծու ծառաներին վայել կերպով հագնվենք՝ դրսևորելով խոհեմություն, համեստություն և «ողջամտություն» (1 Տիմոթ. 2։9, 10)։ Ուստի այնպես չենք հագնվում, որ անհարկի ուշադրություն հրավիրենք մեզ վրա։ Իսկ երեցները, առաջնորդվելով աստվածաշնչյան սկզբունքներով, կանոններ չեն սահմանում հագուստի և հարդարանքի հարցում։ w23.07, էջ 23-24, պրբ. 13-14
15 նոյեմբերի, շաբաթ
Ուշադիր ինձ լսեք ու լավ սնունդ ճաշակեք, և դուք ուրախությամբ իսկապես ընտիր կերակուր կվայելեք (Ես. 55։2)։
Եհովան ցույց է տալիս, թե ինչպես կարող ենք երջանիկ ապագայի հիմք դնել։ Նրանք, ովքեր ընդունում են աղմկոտ և «հիմար կնոջ» հրավերը, տարվում են անբարո հաճույքներով։ Նրանց վերջը «գերեզմանի խորքում է» (Առակ. 9։13, 17, 18)։ Պարագան բոլորովին այլ է նրանց դեպքում, ովքեր ընդունում են «ճշմարիտ իմաստության» հրավերը (Առակ. 9։1)։ Մենք սովորում ենք սիրել այն, ինչ Եհովան է սիրում և ատել այն, ինչ նա է ատում (Սաղ. 97։10)։ Եվ մեզ մեծ բավականություն է պատճառում այն, որ մյուսներին էլ ենք հրավիրում օգտվելու «ճշմարիտ իմաստությունից»։ Մենք ասես «քաղաքի բարձունքներից գոչենք. «Ով միամիտ է, թող այստեղ գա»»։ Բոլոր նրանք, ովքեր կընդունեն «ճշմարիտ իմաստության» հրավերը, ոչ միայն կօրհնվեն այսօր, այլև ապագայում կապրեն հավիտյան՝ քայլելով «հասկացողության ճանապարհով» (Առակ. 9։3, 4, 6)։ w23.06, էջ 24, պրբ. 17-18
16 նոյեմբերի, կիրակի
Նա, ով չի շտապում բարկանալ, հզոր մարդուց լավ է, և ինքնատիրապետում ունեցողը քաղաքը գրավողից է լավ (Առակ. 16։32)։
Շատերս լարվում ենք, երբ մեր աշխատակիցը կամ համադասարանցին մեր հավատալիքների վերաբերյալ որևէ հարց է տալիս։ Բայց դա կարող է օգնել մեզ հասկանալ, թե իրականում տվյալ անհատը ինչ է մտածում կամ ինչին է հավատում, և այդ առիթը կարելի է օգտագործել բարի լուրը պատմելու համար։ Սակայն երբեմն մարդիկ մեզ հարց են ուղղում իրենց անհամաձայնությունը արտահայտելու կամ մեզ հետ վիճաբանելու համար։ Դա չպետք է զարմացնի մեզ, քանի որ նրանք սխալ տեղեկություններ են լսել մեր հավատալիքների մասին (Գործ. 28։22)։ Բացի այդ՝ մենք ապրում ենք «վերջին օրերում», երբ շատերը «համաձայնության չեկող» են ու «դաժան» (2 Տիմոթ. 3։1, 3)։ Գուցե մտածես. «Ինչպե՞ս կարող եմ մեղմ ու հարգալից լինել, երբ ինչ-որ մեկը իմ հավատալիքների հետ կապված ցանկանում է վիճել ինձ հետ»։ Այս հարցում քեզ կօգնի մեղմությունը։ Մեղմ մարդը հեշտությամբ չի բարկանում, այլ կարողանում է ինքնատիրապետում դրսևորել, երբ նրան սադրում են կամ այնպիսի հարցեր են տալիս, որոնց պատասխանը նա չգիտի։ w23.09, էջ 14, պրբ. 1-2